հեռ. + 374 93 118835
Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի-ուրբաթ 9.00-17.00

Ըստ ժամանակակից ընդունված տեսակետների՝ վահանագեղձի հանգույցները դիտվում են որպես գեղձի հյուսվածքի այնպիսի հատվածներ, որոնք սոնոգրաֆիկ հետազոտությամբ առանձնանում են իրենց խտությամբ և գույնով վահանագեղձի հյուսվածքի այլ հատվածներից:

Եթե վահանագեղձում շոշափվում է հստակ սահմաններով գոյացություն /ամրություն/, ապա միանշանակ ենթադրվում է հանգույցի առկայություն: Այս դեպքում ուլտրաձայնային հետազոտությամբ վահանագեղձի հյուսվածքում տեսանելի են լուսավոր կամ մթնած օջախներ, որոնք հստակ սահմանազատված են վահանագեղձի հյուսվածքի մյուս հատվածներից: Վահանագեղձի հանգույցները կարող են հանգեցնել վերջինիս մեծացմանը: Վահանագեղձի չափերի (ծավալի) մեծացումը, ինչպես նաև նրանում հանգույցների առկայությունը կոչվում է խպիպ: Դիֆուզ խպիպ առկա է այն դեպքում, երբ վահանագեղձի հյուսվածքը մեծացած է համաչափ և չի պարունակում հանգույցներ: Իսկ հանգուցավոր խպիպները բնութագրվում են վահանագեղձում հանգույցների առկայությամբ: Հետևաբար  «հանգույց» կամ «հանգուցավոր խպիպ» տերմինները դիտվում են որպես համարժեք տերմիններ:

Ներկայումս  վահանագեղձի հանգույցների առաջացման հիմնական պատճառը սննդում յոդի քրոնիկական պակասն է: Հաստատված է, որ այն երկրներում, որտեղ կերակրի աղը չի յոդացվում, վահանագեղձի հանգույցների առաջացման հաճախականությունն ավելի մեծ է: Հանգույցների մի մասի,  մասնավորապես չարորակ ուռուցքների առաջացումը մեծապես պայմանավորված է ճառագայթմամբ: Այդ մասին են վկայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հերոսիմայի և Նագասակիի ռմբակոծություններից, ինչպես նաև Չերնոբիլի վթարից հետո վահանագեղձի (և առհասարակ մյուս օրգանների, օրգան-համակարգերի) ուռուցքների քանակի աճը: Հատկապես զգայուն են երեխաները, ճառագայթման անգամ շատ փոքր չափաբաժինները հետագայում կարող են հանգեցնել վահանագեղձի ուռուցքների առաջացմանը: Անգամ այն երեխաները, որոնք բուժման նպատակներով ստանում են ռենտգենյան ճառագայթներ, վահանագեղձի ուռուցքների առաջացման բարձր ռիսկային խմբում են: Ուռուցքներ առաջանալու դեպքում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ժառանգականությանը: Հայտնի է, որ մոտ ազգականների շրջանում ուռուցքների առաջացման ռիսկը բավականին մեծ է: Դա վերաբերում է ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ ուռուցքներին:

Բնակչության 3-7%-ի շրջանում վահանագեղձի հանգույցները հնարավոր է հայտնաբերել շոշափելով: Վերջին 20 տարիների ընթացքում ախտորոշման նորագույն տեխնոլոգիաների լայն տարածումը հնարավորություն տվեց հայտնաբերելու և գրանցելու վահանագեղձի հանգույցներ ունեցող հիվանդների աճը: 20-76%-ի դեպքում հիվանդությունը հայտնաբերվում է ուլտրաձայնային հետազոտության արդյունքում: 

Ի դեպ, տարիքին զուգընթաց հանգույցների առաջացման հավանականությունը մեծանում է: Մանկահասակ երեխաների շրջանում հանգույցներ քիչ են հանդիպում, իսկ  60 տարեկան և ավելի տարիք ունեցողների 80%-ի դեպքում առկա են հանգույցներ: Եթե մանկահասակ երեխայի մոտ հայտնաբերվել է հանգույց, ապա պետք է կատարվի մանրակրկիտ հետազոտություն՝ բացառելու չարորակ պրոցեսի առկայությունը հանգույցում, քանի որ երեխաների շրջանում հայտնաբերված հանգույցների չարորակ լինելու հավանականությունը 2 անգամ ավելի մեծ է, քան մեծահասակների շրջանում:

Հայտնի է նաև, որ հանգույցներն առավելապես հաճախ հանդիպում են կանանց շրջանում: Տղամարդ-կին հարաբերակցությունն այս դեպքում կազմում է մոտ 1:10-ի: Չնայած տղամարդկանց շրջանում հանգույցներ քիչ են հանդիպում, միևնույն է, չարորակ հանգույցներ հայտնաբերելու հավանականությունը նրանց շրջանում ավելի մեծ է, քան կանանց շրջանում: Այդ իսկ պատճառով էլ տղամարդիկ պետք է ենթարկվեն մանրակրկիտ հետազոտության:

Վահանագեղձի հանգույցներն այնքան են տարածված, որ մի շարք տարիքային խմբերում դժվար է գտնել անհատների, որոնք հանգույցներ չունեն: Չնայած հիվանդության մեծ տարածվածությանը՝ շրջապատում մենք չենք էլ նկատում այն բազմաթիվ մարդկանց, ովքեր ունեն վահանագեղձի հանգույցներ: Արդյոք սա վկայում է այն մասին, թե վահանագեղձի հանգույցները մարդկանց համար վտանգավոր չեն:  Ո՛չ, իհարկե, դա այդպես չէ:

Որպեսզի կարողանանք կանխատեսել կամ գնահատել վահանագեղձի հանգույցների հնարավոր ազդեցությունը կամ ներգործությունը հիվանդի (մարդու) առողջության վրա, անհրաժեշտ է նախ՝ պարզել դրա բնույթը, ասել է թե՝ բարորակ կամ չարորակ լինելը (ինչպես արդեն բազմիցս նշվել է, հանգույցները լինում են բարորակ և չարորակ): Բնականաբար, այս երկու խմբերի դեպքում կանխատեսումները տարբեր են:

Բարորակ հանգույցները մեծ մասամբ ընթանում են անախտանիշ: ՈՒՁՀ-ի  հայտնաբերումով 5-10մմ մեծությամբ հանգույցները կլինիկական դրսևորումներ չեն առաջացնում: Անգամ ավելի մեծ հանգույցները կլինիկական որևէ դրսևորում կարող են չունենալ, հետևաբար,  բարորակ հանգույցները, մեծ մասամբ, մարդու համար վտանգավոր չեն: Բայց երբեմն բարորակ հանգույցները մեծանալով կարող են ճնշել վահանագեղձին հարող օրգանները: Ընդ որում, ինչքան մեծ է հանգույցը, այնքան արտահայտված են հիվանդի գանգատները: Կարող են առաջանալ կլման ակտի խանգարումներ (պայմանավորված կերակրափողի ճնշմամբ), շնչառության դժվարացում (պայմանավորված շնչափողի ճնշմամբ), ձայնի խռպոտություն (հետադարձ նյարդի ճնշում): Երբեմն հիվանդները գանգատվում են պարանոցի շրջանի կոսմետիկ դեֆեկտից, երբեմն՝ պարանոցի առաջային մակերեսին օտար մարմնի առկայության զգացումից:

Մյուս հնարավոր բարդությունը, որ կարող է առաջանալ բարորակ հանգույցների դեպքում, թիրեոտոքսիկոզն է՝ վահանագեղձի հորմոնների ավելցուկը: Պատճառն այն է, որ վահանագեղձի որոշ հանգույցներ ունակ են արտադրելու վահանագեղձի հորմոններ (T3, T4 հորմոն-ակտիվ հանգույցներ): Ժամանակի ընթացքում հանգույցների մի մասը դադարում է «ենթարկվել» հիպոֆիզի հրահանգներին, որոնք վահանագեղձ են հասնում թիրեոտրոպ հորմոնի միջոցով, սկսում են արտադրվել ավելցուկային քանակով հորմոններ (T3, T4), որոնք օրգանիզմին անհրաժեշտ չեն:

Հորմոնների ավելցուկը հիվանդի մոտ հանգեցնում է համապատասխան գանգատների՝ ջերմության զգացողության, քրտնարտադրության, սրտի կծկումների հաճախացման, սրտի գործունեության խանգարումների, քաշի կորստի, դյուրագրգռվածության և այլնի առաջացման: Թիրեոտոքսիկոզը, սակայն, մեր օրերում վտանգավոր բարդություն չէ, քանի որ հեշտությամբ ենթարկվում է բուժման: Շատ կարևոր է ժամանակին դիմել բժշկական օգնության և խուսափել բարդությունների զարգացումից:

«Չարորակ հանգույցներ»  անվանումն արդեն իսկ  ամբողջությամբ բնութագրում է վերջիններիս: Բարեբախտաբար դրանց մոտ 80-85%-ը պապիլյար կարցինոմաներ են, որոնք չարորակ ուռուցքների մյուս տեսակների համեմատ ավելի մեղմ են ընթանում: Պապիլյար կարցինոման շատ դանդաղ է աճում, հազվադեպ է մետաստազներ տալիս, ճիշտ և համապատասխան բուժման դեպքում բնութագրվում է ավելի բարենպաստ ելքով:

 

 

Ըստ հանդիպման հաճախության՝ երկրորդ տեղում են ֆոլիկուլյար կարցինոմաները: Սրանք կազմում են վահանագեղձի չարորակ ուռուցքների բոլոր դեպքերի մոտ 10-15%-ը: Այս ուռուցքը ևս շատ դանդաղ է աճում, բայց ի տարբերություն պապիլյար կարցինոմայի՝ ավելի է հակված մետաստազավորման առավելապես դեպի թոքեր, ոսկրեր, ուղեղ: Այս ուռուցքների ելքը ևս բարենպաստ է ժամանակին և համապատասխան բուժման դեպքում:

Վահանագեղձի դանդաղ աճող ուռուցքներից է մեդուլյար կարցինոման, որը կազմում է վահանագեղձի չարորակ ուռուցքների մոտ 5%-ը: Եվ չնայած դանդաղ աճին՝ ուռուցքի այս տեսակն ունի «անբարենպաստ» բնութագիր, մասնավորապես արագ մետաստազավորվելու հակում և արտահայտված կայունություն ռադիոակտիվ յոդով  թերապիայի հանդեպ: Այս ուռուցքի բուժման արդյունքները հիմնականում պայմանավորված են վիրաբուժական միջամտության ծավալով և համապատասխան  կազմակերպումով:

Վահանագեղձի հյուսվածքում հազվադեպ է հանդիպում անապլաստիկ կարցինոման, որը համարվում է առավել չարորակը մարդու ուռուցքներից: Հուրախություն մեզ՝ այս ուռուցքը շատ քիչ է հանդիպում (բոլոր դեպքերի 1%-ից պակաս), բայց այն շատ դժվար է ենթարկվում բուժական միջամտության:

Համախմբելով վերը նշած բոլոր տվյալները՝ կարելի է եզրակացնել, որ վահանագեղձի բարորակ հանգույցներ ունեցող մարդկանց շրջանում հանգույցները չեն հանգեցնում վտանգավոր հետևանքների: Հաշվի առնելով այն փաստը, որ բարորակ հանգույցները չեն վերափոխվում չարորակի (այս փաստը մեր օրերում հստակ ապացուցված է)՝ վիրահատական միջամտության դիմում են հազվադեպ, միայն այն դեպքերում, երբ հիվանդը գանգատներ ունի (շնչելու դժվարացում, խեղդոցի զգացում և այլն):

 

Չարորակ ուռուցքները հաճախ հանգեցնում են հիվանդի մահվան: Բարենպաստ ելքն այս ուռուցքների դեպքում  ամենից  հաճախ պայմանավորված է՝

 1) ուռուցքի վաղ դրսևորմամբ (ինչքան ուռուցքը վաղ է դրսևորվում և հայտնաբերվում, այնքան արդյունքը գոհացուցիչ է,

 2) անցկացվող բուժման արդյունավետությամբ:

 Ընդ որում, ուռուցքների տարբեր տեսակների դեպքում մշակված են բուժման հստակ ալգորիթմներ, որոնք ժամանակի ընթացքում էլ ավելի են կատարելագործվում:

Վերը նշվածներից դժվար չէ նկատել, որ վահանագեղձի հանգույցներ ունեցող ոչ բոլոր հիվանդներին է պետք բուժման այս կամ այն տեսակի կիրառումը: Նշենք ավելին՝ մեծ մասի դեպքում բուժում ընդհանրապես անհրաժեշտ չէ:

Արդի պայմաններում ողջ աշխարհում, այդ թվում մեր երկրում կատարվող բազմազան հետազոտությունների հիմնական նպատակն այն է, որ չարորակ ուռուցքները վաղ հայտնաբերվեն և համապատասխան բուժում կազմակերպվի: