Վահանաձև գեղձը և նրա ֆունցիաները
:
Նկար 1
Նկար 2
Վահանագեղձի հյուսվածքում տարբերում են 3 տեսակի բջիջներ(նկար 3).
A-բջիջներ. քանակությամբ գերազանցում են մյուս բջիջներին և մասնակցում են վահանագեղձի հորմոնների սինթեզին: Այս բջիջները ձևավորում են կլորավուն գոյացություններ, որոնք կոչվում են ֆոլիկուլներ: Ֆոլիկուլների կենտրոնում կոլոիդ (դոնդողանման) զանգվածն է, որը պարունակում է հորմոնների պաշարներ:
B-բջիջներ. կոչվում են նաև Հարթլ (Hurthle, Гюртле) բջիջներ: Սրանք տեղակայված են ֆոլիկուլների միջև: Այս բջիջների ֆունկցիան վերջնականապես բացահայտված չէ, բայց հայտնի է, որ սրանք արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր (օրինակ՝ սերոտոնին):
C-բջիջներ. արտադրում են կալցիտոնին (թիրեոկալցիտոնին), որը նվազեցնում է կալցիումի քանակն արյան պլազմայում:
Նկար 3
Վահանագեղձի հիմնական ֆունկցիան, փաստորեն, հորմոնների արտադրությունն է: Վահանագեղձն արտադրում է 3 հորմոն՝
1. տրիյոդթիրոնին ( T3). պարունակում է յոդ,
2. տետրայոդթիրոնին (T4՝ թիրոքսին). պարունակում է յոդ,
3. թիրեոկալցիտոնին (որը, ինչպես արդեն նշվեց, արտադրվում է C-բջիջներում). չի պարունակում յոդ(նկար 4):
T3-ն ավելի ակտիվ հորմոն է (մոտ 5-6 անգամ), իսկ T4-ը ծառայում է որպես «դեպո»:
Անհրաժեշտության դեպքում T4-ը վերածվում է ակտիվ T3-ի:
Վահանագեղձի հորմոնները կատարում են մի շարք կարևոր ֆունկցիաներ:Առաջին հերթին կարգավորում են հիմնական նյութափոխանակությունը: Հիմնական նյութափոխանակություն է կոչվում քիմիական պրոցեսների այն շարքը, որն օրգանիզմի կենսունակության համար ապահովում է էներգագոյացում ցանկացած եխանիկական աշխատանքի բացակայության դեպքում:
Վահանագեղձի հորմոնները մասնակցում են նաև սրտի կծկումների կարգավորմանը, ապահովում են նորմալ նյարդային գրգիռների առաջացում, աղիքներում ուժեղացնում են ածխաջրերի ներծծումը և այլն:
Վահանագեղձի հորմոնների արտադրությունը կարգավորվում է «բարձրադիր» գեղձերի՝ հիպոթալամուսի (ենթատեսաթմբի) և հիպոֆիզի (մակուղեղի) միջոցով: Հիպոֆիզն արտադրում է թիրեոտրոպ հորմոն, որն էլ հենց կարգավորումէ T3-իև T4-ի արտադրությունը: Վահանագեղձի հորմոնների պակասի դեպքում թիրեոտրոպ հորմոնի քանակն արյան մեջ մեծանում է, իսկ ավելցուկի դեպքում՝ նվազում:
Թիրեոտրոպ հորմոնի քանակի մեծացումն ընդունված նորմայից, որի դեպքում վահանագեղձի հորմոնների (T3, T4) քանակն արյան մեջ նվազում է, կոչվում է հիպոթիրեոզ: Երբ թիրեոտրոպ հորմոնի քանակը նվազում է, իսկ T3-իևT4-ի քանակը մեծանում, ապա առկա է հիպերթիրեոզ:
Վահանաձև գեղձի հորմոնները սինթեզվում են (արտադրվում են) յոդի մասնակցությամբ, որի քանակն էլ բավարար պետք է լինի հորմոնների սինթեզի համար: Հետևաբար յոդի պակասը կամ ավելցուկը հանգեցնում է հորմոնների սինթեզի խանգարման և վահանագեղձի հիվանդությունների առաջացման:
Հայաստանի տարածքի մեծ մասը յոդի պակասի գոտի է: Մեր կողմից օգտագործվող սննդամթերքի չափաբաժնում (բանջարեղեն, միս, կաթնամթերք) գրեթե աննշան է յոդի պարունակությունը: Կատարված մեծամասշտաբ հետազոտություններով հաստատվել է, որ յոդը մեծ քանակությամբ առկա է ծովամթերքներում, որոնցով, ցավոք, աղքատ է Հայաստանը, ուստի և մեր սննդային չափաբաժինը: Յոդի անբավարար քանակությունը վտանգավոր է թե՛սաղմի և թե՛երեխաների համար: Այս դեպքում յոդն անհրաժեշտ է կենտրոնական նյարդային համակարգի և մտավոր նորմալ զարգացման համար (նկար 4 ) :