հեռ. + 374 93 118835
Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի-ուրբաթ 9.00-17.00

Մակերիկամի ուռուցքի բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում

2018-08-04

Բժիշկ-մասնագետը պետք է մշտապես կատարելագործվի, որպեսզի կարողանա իր պացիենտներին առաջարկել ժամանակակից բուժումների լավագույն լուծումները:

Աստղիկ ԲԿ Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանը օրերս կատարել է ՀՀ-ում բացառիկ վիրահատություն՝ մակերիկամի հեռացում էնդոսկոպիկ եղանակով՝ հետորովայնամզային հատվածից. “Մակերիկամի էնդոսկոպիկ միջամտությունները լայնորեն կիրառվում են ողջ աշխարհում, և Աստղիկ ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը ևս ետ չէր մնում համաշխարհային տենդենցներից: Իսկ վերջերս մենք ներդրեցինք նոր եղանակ` ռետրոպերինոսկոպիկ վիրահատություններ: Այս միջամտության ժամանակ մուտքը գոտկային հատվածից է: Սա հնարավորություն է տալիս անմիջապես մոտենալ մակերիկամին՝ շրջանցելով փայծաղը, երիկամները, ստամոքսն ու ենթաստամոքսային գեղձը: Մեթոդի կիրառումը կրճատում է վիրահատության տևողությունը և հետվիրահատական վերականգման ժամկետները”,- պատմում է Արմեն Վարժապետյանը:

Բժիշկ Վարժապետյանը շատ կարևորում է թիմային աշխատանքը, հիվանդանոցի բազմապրոֆիլ բնույթն ու տեխնիկական հագեցվածությունը. այս երեք գործոնները, ըստ նրա, առանցքային են հատկապես բարդ միջամտությունների ժամանակ: Աստղիկ Բժշկական կենտրոնում նման վիրահատությունների համար ստեղծված են բոլոր պայմաննները:

Արդեն իսկ նոր եղանակով վիրահատված 38-ամյա կնոջ մոտ հայտնաբերվել էր մակերիկամի հորմոնալ ակտիվ ուռուցք: “Ունեի բարձր ճնշման տատանումներ, լսել էի շատ բժիշկ Վարժապետյանի մասին, դիմեցի նրան, անցա հետազոտություններ ու նա էլ հենց կատարեց վիրահատությունը”,- պատմում է Ռուզանան: Վիրահատությունը տևել է մեկ ժամ, հետվիրահատական ապաքինումն էլ արագ է ընթանում. բարդ վիրահատությունից ընդամենը 3 օր անց Ռուզաննան իրեն այնքան լավ է զգում, որ կարող է վերադառնալ տուն: Շարունակելու է մնալ էնդոկրինոլոգի հսկողության ներքո, որոշ դեղորայք է օգտագործելու, սակայն ամենակարևորն այն է, որ հիվանդությունն արդեն անցյալում է, իսկ առջևում կյանք է՝ առողջ ու լիարժեք:

Այլ նորություններ

Ո՞ր դեպքերում պետք է կատարել վահանաձեւ գեղձի վիրահատություն

Հայաստանում տարբեր մասնագետների կարծիքները՝ վահանաձեւ գեղձի զանազան ախտահարումների դեպքում վիրահատության ցուցման եւ նաեւ վիրահատության օպտիմալ ծավալի ընտրության վերաբերյալ, բավականին տարբերվում են: Թե ո՞ր դեպքերում են ցուցված վիրահատություններ եւ ո՞ր դեպքերում կարելի է բավարարվել կոնսերվատիվ մեթոդներով, NEWS.am Medicine-ին օգնեց հասկանալ «Աստղիկ» ԲԿ էնդոկրին վիրաբուժական ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանը:

Նա նշեց, որ տարաձայնություն գոյություն ունի ոչ միայն Հայաստանի էնդոկրինոլոգների եւ վիրաբույժների միջեւ, վահանաձեւ գեղձի հիվանդությունների բուժման հարցում տարբերվում են նաեւ աշխարհի տարբեր երկրների մասնագետների մոտեցումները: Դա պայմանավորված է ինչպես տեխնոլոգիական զարգմացման աստիճանով, այնպես էլ հանրային գիտակցությամբ: Օրինակ` Ճապոնիայում, նրա խոսքով, պահպանվում է բուժման առավել կոնսերվատիվ մեթոդը: Նույնիսկ չարորակ ուռուցքի առկայության դեպքում վահանաձեւ գեղձն ամողջությամբ չի հեռացվում, հեռացվում է միայն ուռուցք պարունակող հատվածը, որից հետո հիվանդը գտնվում է բժշկի մշտական հսկողության ներքո: Մեզ մոտ, հաշվի առնելով սոցիալական վիճակը եւ պացիենտների գիտակցության աստիճանը, այդ դեպքերում սովորաբար գեղձը հեռացվում է ամբողջությամբ:

Աշխարհում կարծիքները, Արմեն Վարժապետյանի պարզաբանմամբ, տարբերվում են նաեւ դիֆուզային թունավոր խպիպի բուժման հարցում: Մասնավորապես, զարգացած երկրներում, եթե դեղորայքային թերապիան արդյունավետ չէ, կիրառվում է թանկարժեք մեթոդ` ռադիոյոդոթերապիա, որը բուժման առաջնային մեթոդն է, իսկ եթե ինչ-որ պատճառով անհնարին է կիրառել այն, ապա, իբրեւ երկրորդային միջոց, կատարվում է վիրահատություն: Հայաստանում ռադիոյոդոթերապիայի մեթոդը դեռեւս ներմուծված չէ, հետեւաբար նման դեպքերում ընտրելի մեթոդն այստեղ վիրահատությունն է: Այնուամենայնիվ, չնայած տարաձայնություններին, բժշկի խոսքով՝ զարգացած երկրներում մշակված ուղեցույցների հիմքով կարելի է որոշել վիրահատության ճշգրիտ ցուցումները, ինչպես որ վարվում են «Աստղիկ» ԲԿ-ում:

Հանգույցների առկայության դեպքում ե՞րբ պետք է վիրահատել վահանաձեւ գեղձը:

Նախեւառաջ հարկավոր է պարզել հանգույցների բնույթը եւ ծագումնաբանությունը` բարորակ կամ չարորակ լինելը: Նախքան վիրահատությունը դա հնարավոր է կատարել նրբասեղային պունկցիոն բիոպսիայի մեթոդով: Եթե ուռուցքը չարորակ է, ապա, իհարկե, պետք է վիրահատել՝ հեռացնել վահանաձեւ գեղձը:

Եթե հանգույցը բարորակ է, ապա այդ դեպքում կարեւոր է հստակեցնել, թե հանգույցը որքանով է խանգարում հիվանդին: Եթե նա բողոք չունի, ապա վիրահատությունը ցուցված չէ: Իսկ եթե ուռուցքը խանգարում է, ճնշում է հարեւան օրգաններին` շնչափողին, կերակրափողին, քնային զարկերակին, լծային երակին եւ այլն, պատճառ է դառնում հազի, կլլման ակտի խանգարման, գլխապտույտի եւ այլնն, ապա այդ դեպքում որոշվում է վիրահատել հիվանդին:

Դիֆուզային թունավոր խպիպ

Կոնսերվատիվ թերապիայի անարդյունավետության դեպքում անհրաժեշտ է դադարեցնել այն և հստակեցնել վիրահատության ցուցումները:

Վահանաձեւ գեղձը հեռացնելուց հետո բոլոր հիվանդներին նշանակվում է փոխարինիչ հորմոնալ թերապիա:

Ըստ Արմեն Վարժապետյանի՝ որոշ դեպքերում իրավացի են էնդոկրինոլոգները, երբ մեղադրում են վիրաբույժներին`արմատական մեթոդներին չափազանց հակված լինելու համար: Սակայն էնդոկրինոլոգները, ձգտելով ամեն ինչ բուժել կոնսերվատիվ եղենակով, երբեմն դառնում են մեղավորն այն բանի, որ չարորակ ուռուցքներով հիվանդները շատ ուշ են դիմում վիրաբույժին:

«Մենք` որպես էնդոկրին վիրաբույժներ, որոշակի դեպքերում մի կողմից զսպում ենք ընդհանուր վիրաբույժների ագրեսիվությունը, եւ չենք համաձայնում կատարել վիրահատություն, եթե դրա կարիքը չկա, մյուս կողմից կանխում ենք էնդոկրինոլոգների պասիվությունը։ Լավագույն արդյունքների, ինչպես ցույց է տալիս փորձը, կարելի է հասնել միայն այն բոլոր մասնագետների սերտ համագործակցությամբ, ովքեր աշխատում են ինչպես դիագնոստիկ, այնպես էլ բուժական փուլերում»,- ընգծեց նա:

«Վահանաձև գեղձի հանգույցներ». հայերեն հանրամատչելի գիրք՝ ուղղված մասնագետներին ու պացիենտներին

Հայաստանի մեծահասակ բնակչության շուրջ 68%-ի մոտ առկա են վահանաձև գեղձի հանգույցներ: Սակայն դա չի նշանակում, որ բոլոր գրանցված դեպքերը վիրահատության ու նույնիսկ ուղղակի բուժման կարիք ունեն: Վահանաձև գեղձի հանգույցների ախտորոշման ու բուժման հետ կապված շատ հարցերի շուրջ մինչև այսօր էլ մասնագիտական առաջատար կենտրոններում քննարկումները շարունակվում են, մոտեցումները վերանայվում են, նոր մեթոդներ են կիրառվում: Շատ կարևոր է այդ ամենին համընթաց քայլելը, ՀՀ-ում առկա նոր մոտեցումները ներդնելն ու կիրառելը, ինչպես և հանրությանը հանրամատչելի ինֆորմացիա տրամադրելը, այնինչ հայերենով նման գրականությունը խիստ սակավ է:

Այս բոլոր բացերի լրացմանը նպաստելու համար Աստղիկ ԲԿ Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար, Բ.Գ.Թ, դոցենտ, էնդոկրին վիրաբուժությանն առնչվող առաջատար միջազգային մի շարք ասոցացիաների անդամ Արմեն Վարժապետյանը գիրք է տպագրել «Վահանաձև գեղձի հանգույցներ» խորագրով: Գրքում մանրամասն անդրադարձ է կատարվել վահանաձև գեղձի կառուցվածքին, ֆունկցիաներին, հանգույցների ախտորոշման ու բուժման խնդիրներին: Գրքում ներկայացված են էնդոկրին վիրաբուժությանն առնչվող համաշխարհային առանցքային կենտրոնների մշակած սկզբունքները.

«Կարծում եմ շատ դեպքերում միջազգային առաջատար մասնագիտական կազմակերպությունների մոտեցումները մեզ մոտ չեն կիրառվում, հայրենական գրականությունն էլ այս հարցերի շուրջ շատ քիչ է կամ բացակայում է: Հետևաբար այս գիրքը կարծում եմ հետաքրքիր կլինի և փորձառու և երիտասարդ մասնագետների համար, ինչպես նաև պացիենտների համար էլ այն կարող է շատ օգտակար լինել», - «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականի հետ զրույցում ասաց Արմեն Վարժապետյանը:

Հավելենք, որ գիրքը հաստատվել է ԿԳՆ-ի կողմից որպես ուսումնական ձեռնարկ բժշկական կրթական հաստատությունների բարձր կուրսների ուսանողների, օրդինատորների, ինտերների ու պրակտիկ բժիշկների համար:

Ինչո՞վ է զբաղվում էնդոկրին վիրաբուժությունը

Վերջերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում ընդհանուր վիրաբուժության բաժանմունքին կից ստեղծվել է էնդոկրին վիրաբուժության նոր ծառայություն: Այն մասին, թե ինչու էր հարկավոր ստեղծել նմանատիպ առանձին ծառայություն եւ հատկապես ինչով է այն զբաղվում, NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է ծառայության ղեկավար, ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Արմեն Վարժապետյանի հետ:

Բժշկի խոսքով՝ Հայաստանում էնդոկրին համակարգի խնդիրները, մասնավորապես, վահանաձեւ գեղձի հիվանդությունները, խիստ տարածված են: Դրանք արդիական են ժամանակակից բժշկության մեջ հաճախադեպության եւ ախտորոշման ու բուժման միասնական մոտեցման բացակայության պատճառով: Փաստացի, մեր երկրի բնակչության կեսը տառապում է վահանաձեւ գեղձի այս կամ այն հիվանդությամբ: Իհարկե նրանցից բոլորը չեն, որ կարիք ունեն վիրաբուժական միջամտության, այնուամենայնիվ, ըստ վիճակագրության, վահանաձեւ գեղձի հանգույցային գոյացությունների 1-5%-ը չարորակ են, հետեւաբար վահանաձեւ գեղձի հանգույցներ ունեցող պացիենտները պետք է գտնվեն բժշկական հատուկ հսկողության ներքո:

Ընդ որում, Արմեն Վարժապետյանի պարզաբանմամբ, Հայաստանում դեռ մի շարք էնդոկրին մասնագետներ կառչած են հին ավանդական դպրոցից եւ փորձում են վահանաձեւ գեղձի հանգույցներով հիվանդներին տեւաբար բուժել կոնսերվատիվ մեթոդներով, վերջնականապես չպարզելով դրանց ծագումնաբանությունը եւ ակնկալելով, որ բուժման նման եղանակով հանգույցները կարող են կրճատվել: Ի հետեւանք, քիչ չեն կլինիկական դեպքերը, երբ չարորակ ուռուցքներով հիվանդները դիմում են վիրաբույժներին արդեն ուշացած փուլերում` լիմֆատիկ հանգույցների մետաստազներով, որը կտրուկ նվազեցնում է բուժման արդյունավետությունը:

Բայց եւ հաճախ վիրաբույժները եւս մեղանչում են այն առումով, որ վիրահատում են նույնիսկ այն դեպքում, երբ վիրահատական միջամտության ցուցում չկա: Հենց այդ պատճառով էլ նոր ուղղության` էնդոկրին վիրաբուժության ներդրումը կենսական նշանակություն ունի Հայաստանում:

«Աստղիկ» ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը, ինչպես պարզաբանեց Արմեն Վարժապետյանը, իրականացնում է վահանաձեւ եւ հարվահանաձեւ գեղձերի, ինչպես նաեւ` մակերիկամների վիրահատական բուժում: Կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում` էնդոսկոպիկ: «Մենք կիրառում ենք նաեւ բուժման այլ` քիչ ինվազիվ, ոչ-վիրահատական մեթոդներ, որոնք ռադիկալ չեն: Մասնավորապես, կատարվում է սկլերոթերապիա` սկլերոզացնող նյութի ներմուծում հանգույցներ, որը դեստրուկցիայի է ենթարկում (քայքայում է) հանգույցների ախտահարված հյուսվածքները` դրանք փոխարինելով շարակցական հյուսվածքներով: Այդ կերպ հանգույցները չափերով փոքրանում են, եւ եթե բողոքը միայն այն էր, որ հանգույցները իրենց ծավալի պատճառով ճնշում են հարեւան օրգաններին, ապա այդ մեթոդն ապահովում է բավականին լավ արդյունքներ»,- պատմեց բժիշկը:

Ծրագրերում նախատեսված է ներմուծել մի քանի նոր վիրահատական տեխնիկա, մասնավորապես` հանգույցների աբլյացիա:

Առահասարակ, Արմեն Վարժապետյանի խոսքով, «Աստղիկ» ԲԿ-ի բազմապրոֆիլ հնարավորությունները թույլ են տալիս կատարել վահանաձեւ գեղձի եւ էնդոկրին ողջ համակարգի համալիր հետազոտություններ` լաբորատոր հետազոտությունից, ՈՒՁՀ-ից, հանգույցների կարծրությունը որոշող սոնոէլաստոգրաֆիայից մինչեւ ՈւՁՀ-ի հսկողությամբ իրականացվող բիոպսիա` հանգույցների բնույթն ու ծագումը բացահայտելու նպատակով:

«Աստղիկ» ԲԿ-ն իր գիտապրակտիկ գործունեությամբ սերտորեն համագործակցում է Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ռուսաստանի առաջատար կենտրոնների էնդոկրին վիրաբույժների հետ եւ առաջնորդվում է ամերիկյան եւ եվրոպական ուղեցույցներով, քանի որ Հայաստանում ինքնուրույն ցուցումներ այս ոլորտում դեռեւս չեն մշակվել: